«Ձեր պաշտած Խորհրդային Միությունում». Արշալույս Զուրաբյան
«Ձեր պաշտած Խորհրդային Միությունում». Արշալույս Զուրաբյան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը գրում է. «ՁԵՐ ՊԱՇՏԱԾ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
1965թ. Շուշիում ու Աղդամում օրը ցերեկով հայեր սպանվեցին: Շուշիում խուժանը շինարարական մեքենաներով հողին հավասարացրեց քաղաքի չորս հայկական գերեզմանատները՝ իրենց փառաշուք շիրմաքարերով, խաչքար-կոթողներով: Հանցագործներն «անհայտ» մնացին:
Մարտակերտի սովխոզի պահակներից մեկին, նրա կնոջն ու երեխաներին վառեցին պահականոցում: Մարտունու շրջանի Նորշեն գյուղի երկու տրակտորիստներին սպանեցին գիշերավարի ժամանակ, իսկ Կուրոպատկինո բնակավայրում՝ հոշոտեցին գլխավոր ագրոնոմին:
1966թ. սեպտեմբերին սպանվեց հաջորդ ագրոնոմի՝ Բենիկ Մովսիսյանի 9-ամյա որդին:
Պարզվեց, որ վերջին երկու դեպքում սպանությունների կազմակերպիչը գյուղի դպրոցի տնօրեն Արշադ Մամեդովն է: Դպրոցի պահակի օգնությամբ երեխային մտցրել են նկուղն ու խոշտանգել: Նրան սպանել են գլխին մեխեր խփելով:
1967 թ. հուլիսին, Ստեփանակերտի ամառային զբոսայգու տարածքում, սկսվեց Մամեդովի բաց դատավարությունը: Գազանը դատապարտվեց ընդամենը 10 տարվա ազատազրկման: Լսելով դատավճիռը՝ նրա կինն ու հարազատները բացականչեցին. «Արշադ, տաս օր էլ չես նստելու, քո քաշով մեկ ոսկի ենք ծախսել, հանգիստ եղիր»:
Այդ ժամանակ, դատավարությանը ներկա ժողովուրդը հարձակվեց, պահակներից խլեց հանցագործին, նրա գործակցին և մի երրորդ սրիկայի, որը փորձում էր պաշտպանել Մամեդովին: Երեքին էլ այգում խարույկի վրա վառեցին: Թեև մարզի թրքությունը սսկվեց, սակայն Բաքվում տենդորեն շարունակում էին փնտրել Արցախն արագ հայաթափելու նոր մեթոդներ:
1969 թ. գարնանը Քարհատի (Դաշքեսան) շրջանի Բանանց հայկական գյուղի բնակչության հանգանակությամբ կանգնեցվեց մի գեղեցիկ հուշարձան՝ Երկրորդ աշխարհամարտում զոհված 600 համագյուղացիների հիշատակին: Հեղինակներն էին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և նկարիչ Արա Հարությունյանը:
Հուշարձանի հանդիսավոր բացումից օրեր անց, գիշերը գյուղի էլեկտրականությունն անջատեցին, ապա ադրբեջանցիները կործանեցին այն, ջարդուփշուր արեցին կոթողի առանձին մասերը:
Երբ շրջկոմի առաջին քարտուղար Սուլեյմանովին հարցրին, թե ինչո՞ւ և ո՞ւմ հրամանով կատարեցին այդ բարբարոսությունը, նա առանց ավելորդ ձևականության պատասխանեց. «Մենք պատրաստվում ենք ձեզնից մաքրել մեր հողը, իսկ դուք հուշարձաններ եք կանգնեցնում»:
ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ
Լուսանկարում՝
Ստեփանակերտն այսօր
Հաջորդիվ՝ ռուսական նոր ապտակներ ու նոր կորուստներ»։