Գերմանիան լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային
Գերմանիան լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային

Գերմանիան էլ ավելի կմեծացնի իր օգնությունն Ուկրաինային, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վարշավայում Ուկրաինային աջակցության դոնորների համաժողովում իր տեսաուղերձի ընթացքում։
Կանցլերը նշել է, որ պատերազմը տևում է 71 օր, և յուրաքանչյուր օր միայն ավելացնում է ռուս զինվորների կողմից իրկանացվող վայրագությունները։
Նա ընդգծել է, որ «Պուտինը չպետք է հաղթի սա և նա չի հաղթի», քանի որ համաշխարհային հանրությունը միասնական է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հարցում՝ ամրապնդելով սեփական պաշտպանունակությունը և համերաշխությունը ուկրաինացի ժողովրդի հետ։
Շոլցն ընդգծել է, որ անցյալ ամիս Բեռլինը խոստացել է 425 միլիոն եվրո օգնություն հումանիտար ծրագրերի և զարգացման համար, ինչպես նաև 70 միլիոն եվրո բժշկական օգնություն ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի համար: Բացի այդ, լրացուցիչ 430 միլիոն եվրո է տրամադրվել համաշխարհային պարենային անվտանգության վրա ռուսական պատերազմի աղետալի ազդեցությունը մեղմելու համար։
Նա տեղեկացրել է նաև, որ Գերմանիան արդեն տրամադրել է 50 միլիոն եվրոյի հատուկ վարկ, ևս այդքան էլ կտրամադրի առաջիկայում՝ արագացված ընթացակարգով:
Որպես երկկողմանի զարգացման համագործակցության մաս, Գերմանիան արդեն տրամադրել է 120 միլիոն եվրո «պատերազմի հումանիտար և սոցիալական մարտահրավերներին դիմակայելու համար» և նախատեսում է հավաքել ևս 140 միլիոն եվրո՝ զարգացման ֆինանսավորման համար, ասել է կանցլերը: