«Եթե դատարանից ստանայի որևէ արձագանք, նման միջոցի չէի դիմի». Վարդևանյանը՝ Դանիբեկյանին
«Եթե դատարանից ստանայի որևէ արձագանք, նման միջոցի չէի դիմի». Վարդևանյանը՝ Դանիբեկյանին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն անդրադարձավ մարտի 23-ին տեղի ունեցած բոյկոտին, երբ Քոչարյանի պաշտպանները լքել էին նիստերի դահլիճը: «Վարքագիծը հանգեցրել էր դատական նիստը շարունակելու անհնարինությանը»,- ներկայացնելով միջադեպը՝ ասաց Դանիբեկյանը:
Ի պատասխան պաշտպաններից Արամ Վարդևանյանը նշեց, որ մարտի 23-ի նիստին դատարանն իրենց չի թույլատրել որևէ կարծիք հայտնել: «Բնավ որևէ ցանկություն կամ նպատակ չունենալով որևէ կերպ խաթարել դատավարության որևէ մասնակցի իրավունքները և պարտականությունները կամ նիստի բնականոն ընթացքը՝ ես այլ միջոց չունեի, որին դիմեի: Այսինքն՝ եթե դատարանն ինձ թույլ տար հանդես գալ հայտարարությամբ, ներկայացնել իմ առարկությունը դատարանի կողմից կատարվող գործողությունների վերաբերյալ, որոնց մասով ես, օրինակ, ստանայի դատարանից գոնե որևէ արձագանք, նման միջոցի չէի դիմի: Այլ կերպ ասած՝ ստեղծված իրավիճակում ինձ այլ ելք չէր մնում, քան դիմել այդ գործողությանը»,- հայտարարեց փաստաբանը: