«Մարտի 1-ի գործը չի կարճվի». Սեդա Սաֆարյան. «ՀԺ»
«Մարտի 1-ի գործը չի կարճվի». Սեդա Սաֆարյան. «ՀԺ»

Կարծում եմ, Սահմանադրական դատարանի որոշումը որևէ ազդեցություն չի ունենա Մարտի 1-ի գործի վրա և այն չի կարճվի:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական, այսպիսի հայտարարություն է արել Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
«Ափսոսում եմ անգամ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ կարծիք ասել, ինձ համար 0-ից ցածր մակարդակի վրա է Սահմանադրական դատարանի դատավորների իրավագիտակցությունը, Սահմանադրության մեկնաբանությունը»,- ասել է Սեդա Սաֆարյանը՝ ենթադրելով, որ հավանաբար ՍԴ-ն չի էլ նայել, թե 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից համաչափության, որոշակիության սկզբունքը ինչ կերպ է խախտվել:
Նա ընդգծել է՝ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին Սահմանադրության գրեթե բոլոր նորմերը խախտել է.
«Եվ հանկարծ պարզվում է, որ այդ մարդը 300.1 հոդվածի հանցակազմում 1-ից 5 հոդվածների նորմերի որոշակիությունը եւ համաչափությունը չի պատկերացրել ու չի իմացել, որ անձի անձեռնմխելիության իրավունքը չի կարելի խախտել: 2008 թվականին, ոստիկանություններում պոլի վրա փռված են եղել քաղբանտարկյալների այսպես ասած մարմինները և բոլորը խոշտանգման են ենթարկվել թե՛ փողոցում, թե՛ ոստիկանությունում: Փաստորեն, մեր Սահմանադրական դատարանը, Սահմանդրությունից դուրս հարգում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների իրավունքները, իսկ այդ նույն Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդի իրավունքների վրա թքած ունի: Կարծում եմ, ես առիթ կունենամ այդ ամեն ինչը ներկայացնել նաև Եվրոպական դատարան և թող ԵԴ-ն իմանա, թե մենք ինչ հսկա դատական համակարգ ունենք՝ հանձինս Սահմանադրական դատարանի դատավորների»,- նկատել է Սաֆարյանը:
Խոսելով այն մասին, թե արդյոք ՍԴ որոշման արդյունքում Մարտի 1-ի գործը կկարճվի՞՝ Սաֆարյանը բացասական պատասխան է տվել. «Այն փաստական հանգամանքների շարադրանքը, որը ՀՔԾ-ն մեղադրական եզրակացությունով դատարան է ուղարկել, ակնհայտորեն չի խոսում բացառապես սահմանադրական կարգը տապալելու՝ Ռոբերտ Քոչարյանին վերագրված հանցավոր արարքի մասին: Դա խոսում է նաև հանցավոր համագործակցության առկայության մասին և այդպիսի նկարագիր կա մեղադրական եզրակացության մեջ: Հետևապես, կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կշարունակվի այդ նույն մեղադրական եզրակացությամբ շարադրված փաստական հանգամանքների պայմաններում և չի կարճվի»:
Մանրամասները՝ թերթի համարում: