Karevorinfo  Իրադարձություններ  623

«ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշում է». Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում՝ վարչապետի ընտրության հատուկ նիստին

18:05 երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
«ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշում է». Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում՝ վարչապետի ընտրության հատուկ նիստին

Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում՝ վարչապետի ընտրության հատուկ նիստին

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Մեծարգո փոխնախագահներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Սիրելի հայրենակիցներ,

Տեղյակ ենք բոլորս, որ մեր այսօրվա հավաքի նպատակը ոչ թե վարչապետ ընտրելն է, այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելը: Բայց, հաշվի առնելով նաև, որ, ըստ էության, ես երեք տարի առաջ եմ այս օրերին ընտրվել վարչապետի պաշտոնում և հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում հատկապես և շարունակական, անընդհատ մեր կառավարությանն առաջադրվել են ամենատարբեր մեղադրանքներ՝ հեղափոխական օրակարգը ձախողելու, պետական կառավարումը ձախողելու և այս կարգի այլ մեղադրանքներ, ես հարկ եմ համարում, այնուամենայնիվ, համառոտ արձանագրել, թե վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ինստիտուցիոնալ և խորքային փոփոխություններ են տեղի ունեցել և այս թեմային անդրադառնում եմ՝ նաև հաշվի առնելով, որ վերջին շրջանում, վերջին ամիսներին, ըստ էության, Ղարաբաղի 44-օրյա պատերազմի և բանակցային գործընթացի վերաբերյալ գրեթե ամեն ինչ ասվել է:

Ըստ էության, երբ մենք խոսում ենք ինստիտուցիոնալ բարեփոխումների, պետական կառավարման, հեղափոխական օրակարգի մասին, շատ դեպքերում մոռացվում է, որ դրանց իրական շահառուն մարդն է, քաղաքացին: Եվ սա այն դեպքերից է, երբ պիտի արձանագրեմ, որ վերնագրերը չեն արտացոլում իրականությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում իրոք տեղի են ունեցել խորքային բարեփոխումներ՝ սկսած տնտեսությունից, շարունակած արդարադատությունով և վերջացրած բնապահպանությամբ:

Երբ 2018 թվականին ես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, կառավարությունը բիզնեսին ունեցել է 274 մլրդ դրամի պարտք: Սա այն գումարն էր, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բիզնեսը պետք է չվճարեր, այսինքն՝ այդ գումարը պետք է մնար բիզնեսի և տնտեսվարողների տրամադրության տակ, բայց դրանք ամենատարբեր ձևերով և եղանակներով հարկային մարմինների կողմից մուտքագրվել են միասնական գանձապետական հաշիվ կամ պետական հաշվեհամարներ: Այսինքն՝ էական չէ պատճառը, ըստ էության՝ բիզնեսից վերցվել են: Կարևոր եմ համարում արձանագրել, որ երեք տարվա ընթացքում այս պարտքի պրոբլեմը լուծվել է՝ ոչ միայն դե ֆակտո, փաստացի վճարումների տեսքով, այլև ինստիտուցիոնալ առումով: Կարող եմ արձանագրել, որ 2021 թվականի մայիսի 1-ի դրությամբ պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի, այսինքն՝ ըստ էության, այդ պարտքը զրոյացվել է: Սա նշանակում է, որ մենք շուրջ 500 մլն դոլար 3 տարվա ընթացքում վերադարձրել ենք բիզնեսին:

Շատ է, չէ՞, խոսվում Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ տեղի ունեցել են, թե՞ տեղի չեն ունեցել: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կոնկրետ 500 մլն դոլար, որը օտարված էր բիզնեսից, վերադարձրել է բիզնեսին: Եվ, ընդ որում, կրկին ասում եմ՝ այս վճարումը նախ կատարվել է դե ֆակտո, ապա կատարվել են ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Համաձայն այդ բարեփոխումների՝ եթե 2018 թվականի դրությամբ ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետ էր սահմանված վեց ամիս, որը միշտ չէ, որ պահպանվում էր, մենք հեղափոխությունից անիմիջապես հետո այս ժամկետը դարձրեցինք երեք ամիս, իսկ բոլորովին վերջերս դարձրեցինք մեկ ամիս: Այսինքն՝ այսօր օրենսդրությամբ արձանագրված է, որ ավելացված արժեքի հարկի գծով կառավարությունը մեկ ամսից ավելի իրավունք չունի պարտք լինել տնտեսվարողին: Եթե կուզեք՝ այո, սա հեղափոխական փոփոխություն է Հայաստանի Հանրապետության տնտեսության համար:

Շատ կարևոր եմ համարում արձանագրել այն ինստիտուցիոնալ փոփոխությունը, որ մենք արեցինք եկամտային հարկի ասպարեզում։ Եվ արձանագրենք, թե դա ինչպիսի արդյունքներ բերեց: 2018 թվականի դրությամբ, մենք ունեինք եռաստիճան եկամտային հարկ՝ 36 տոկոս, 28 տոկոս և 23 տոկոս: Մենք շատ արագ Հայաստանի Հանրապետությունում սահմանեցինք համահարթ եկամտահարկ՝ 23 տոկոս, և օրենսդրության մեջ արձանագրեցինք, որ ամեն տարի եկամտային հարկը մեկ տոկոսով կիջնի և արդյունքում՝ 2023 թվականի հունվարի 1-ից կլինի 20 տոկոս համահարթ եկամտահարկ: Միևնույն ժամանակ, մենք շահութահարկի դրույքաչափը իջեցրինք և 20 տոկոսից դարձրեցինք 18 տոկոս:

Բայց շատ կարևոր է, թե ինչ ունեցանք այս վերնագրի ներքո: Ըստ էության, մենք ինստիտուցիոնալ առումով լուծեցինք ստվերային աշխատատեղերի, ստվերային աշխատավարձերի խնդիրը, և այդ պրոցեսը շարունակվում է: Ունենք հետևյալ արդյունքը՝ 2021 թվականի մարտին, 2018 թվականի մարտի դրությամբ, երկրում ունենք 85038-ով ավելի աշխատատեղ: Սրանք այն աշխատատեղերն են, որոնք կոնկրետ աշխատավարձ են ստանում: Որովհետև ունենք նաև զրոյական աշխատավարձով աշխատատեղեր, որոնք ֆորմալ արձանագրվում են: Բայց ես խոսում են միայն աշխատավարձ վճարող աշխատատեղերի մասին՝ 85000 աշխատատեղով կամ 15.5 տոկոսով ավելի:

Դուք գիտեք, որ երկար ժամանակ և, ցավոք, հիմա էլ Հայաստանում գոյություն ունի ստվերային աշխատավարձի ինստիտուտ, երբ մեկ աշխատավարձ գրանցվում է, բայց այլ աշխատավարձ վճարվում է: Եվ մենք, այս խնդրի լուծման իմաստով էլ, լրջագույն հաջողությունների ենք հասել, որովհետև 2021 թվականի մարտին, 2018 թվականի համեմատությամբ, համընդհանուր աշխատավարձի ֆոնդի 36 տոկոսով ավելացում ունենք, ընդհանուր 34 մլրդ դրամով: Ընդ որում՝ շուրջ 19-20 տոկոսով մեկ մարդու միջին աշխատավարձի ավելացում ունենք:

Եվ, ամենակարևորը. շատ խոսվում է այն մասին, և մենք 2018 թվականին այս օրենսդրական փոփոխությունն անելիս ասում էինք, որ կտեսնեք, կգա ժամանակը, որ մենք ավելի քիչ հարկային դրույքաչափով, այսինքն՝ ավելի ցածր դրույքով, ավելի շատ հարկ կվճարենք: Դա այսօր իրականություն է, որովհետև ավելի քիչ հարկային դրույքաչափով 2021 թվականի մարտին, 2018 թվականի համեմատ, 4 մլրդ դրամով ավելի շատ եկամտային հարկի հավաքագրում է իրականացվել: Սա կարևորագույն ինստիտուցիոնալ, եթե կուզեք՝ հեղափոխական բարեփոխում է, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում:

Բայց ես, խոսելով բիզնես-կառավարություն հարաբերությունների մասին, կրկին ուզում եմ ասել՝ օրինակ, եթե բացեք 4-5 տարի առաջվա մամուլը, կտեսնեք, որ ամեն շաբաթ հրապարակումներ են այն մասին, թե ինչպես է հարկայինն ավելի գումար ուզում տնտեսվարողից: Այսպես ասած, դրա անունը դրել էին գերավճար, այսինքն՝ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությամբ բիզնեսը պետք է 100 դրամ վճարի, բայց բիզնեսից ուզում են, որ վճարի 120 դրամ կամ 150 դրամ, որպեսզի հարկային եկամուտների պլանը կատարեն:

2018 թվականից հետո ընդհանրապես բոլորը մոռացել են, որ այդպիսի թեմա երբևէ Հայաստանի Հանրապետությունում գոյություն է ունեցել: Դուք այսօր չեք տեսնի մի բիզնեսմեն, մի բիզնես, որ ասի, կներեք, հարկայինը իրենք քերում է, ներողություն այդ բառիս համար, և ավելի գումարներ է ուզում: Եթե նույնիսկ այդպիսի դեպքեր լինեն, համոզված եղեք, որ այդ բոլոր դեպքերը հետագայում, բողոքարկման հանձնաժողովում, հենց Պետական եկամուտների կոմիտեում, կլուծվեն:

Բոլորը մոռացել են, որ Հայաստանի Հանրապետության տնտեսության 30 տարվա պատմության մեջ ամենաակտուալ թեմաներից մեկը, այսպես կոչված, փայ մտնելու թեման էր: Դուք 2018 թվականից հետո լսե՞լ եք, որ որևէ մեկը որևէ տեղ փայ մտնի՞ որևէ բիզնեսի մեջ: Դուք որևէ տեղ լսե՞լ եք, որ որևէ մեկը մտածի, որ իր սեփականությունը կշարունակի իր սեփականությունը մնալ, թե՞ ինչ-որ մեկը կգա, կասի՝ գիտես ինչ, այս սեփականության 10 տոկոսը, կամ 5 տոկոսը, կամ 50 տոկոսը, կամ ամբողջն իմն է: Կա՞ այդպիսի դեպք: Որևէ մեկն այդպիսի դեպք գիտի՞։ Իհարկե՝ չկա: Բնականաբար մոռացվել է: Եվ այս ֆոնին ասում են՝ կառավարման բոլոր ոլորտներում ձախողեց կառավարությունը և այդպես շարունակ:

2019 թվականին, 2019 թվականի արդյունքներով՝ մենք 43 տոկոսով ավելացրել ենք պետական բյուջեի եկամուտները: Պատկերացնո՞ւմ եք՝ մեկ տարվա ընթացքում երկրում 43 տոկոսով ավելանան պետական բյուջեի եկամուտներ, կրկնում եմ՝ հարկային դրույքաչափերի և հարկային բեռի նվազեցման պայմաններում: Բոլորը մոռացել են, որ Հայաստանի Հանրապետությունում եղել են մենաշնորհներ, եղել են մարդիկ, ովքեր իրավունք են ունեցել կոնկրետ ինչ-որ բան ներմուծելու, և մյուսներն իրավունք չեն ունեցել: Այդ թեման չկա։ Որևէ մեկը լսե՞լ է 2018 թվականից հետո, որ որևէ մեկն ինչ-որ բան ներմուծելու կամ արտահանելու մենաշնորհ ունի: Չի կարող լինել այդպիսի բան:
Այո, բազմաթիվ բաներ կան, որ Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի են ունեցել առաջին անգամ: Նույնիսկ հետպատերազմական և ճգնաժամային այս շրջանում – արդեն հրապարակել եմ այդ թիվը – մենք մեկ ամսվա հարկային հավաքագրումների բացարձակ ռեկորդ ենք սահմանել: Երրորդ Հանրապետության գոյության ողջ պատմության ընթացքում չի եղե, որ մեկ ամսվա կտրվածքով 180 մլրդ դրամ հարկային եկամուտ ապահովվի:

Ուզում եմ կրկին հիշեցնել, որ 2019 թվականին մենք արձանագրել ենք վերջին 10 տարվա համար ամենամեծ տնտեսական աճը Հայաստանի Հանրապետությունում, որն ամենաբարձր տնտեսական աճն է եղել ողջ եվրոպական տարածաշրջանում:

Ամենակարևոր ինստիտուցիոնալ փոփոխություններից մեկը, որը մենք արել ենք և դա, այո, չեմ վախենա ասել, դարակազմիկ փոփոխություն է, այն փոփոխություններն են, որ արել ենք գույքահարկի ռեժիմում: Մենք գույքահարկի վերաբերյալ օրենսդրության մեջ կատարել ենք փոփոխություններ, որոնցով և՛ քաղաքական, և՛ ֆիսկալ, և՛ սոցիալական արդարության առումով լրջագույն խնդիր ենք մենք լուծել: Հիշում եք՝ երբ ասում էինք, որ համահարթ եկամտային հարկ ենք սահմանում, մեզ քննադատում էին ասելով՝ իսկ սոցիալական արդարության սկզբունքն ո՞ւր մնաց: Մենք ասում էինք, որ սոցիալական արդարության սկզբունքն աշխատավարձով չի լուծվում, որովհետև մենք չգիտենք մարդ, որը միլիոնատեր է դարձել աշխատավարձով։ Իսկ մարդու միլիոնատեր կամ սոցիալական այլ խավի ներկայացուցիչ լինելը երևում է առաջին հերթին գույքով: Եվ գույքի նկատմամբ հարկային պարտավորությունների տարբերակվածությամբ է, որ մենք պետք է սոցիալական արդարության բաղադրիչը ներմուծենք Հայաստանի Հանրապետություն:

Բայց ուրիշ բան եմ ուզում ասել. խոսք է գնում տարածքային համաչափ զարգացման մասին, շատ երկար ժամանակ խոսք է գնում համայնքների զարգացման մասին: Մենք գույքահարկի մասին օրենսդրության փոփոխությամբ լրջորեն ուժեղացրել ենք տեղական ինքնակառավարման ինստիտուտը, որովհետև այսուհետ համայնքային բյուջեները կունենան բոլորովին այլ հնարավորություննե։ Բայց այստեղ կա շատ լրջագույն մի գործարք, որին ես կանդրադառնամ։ Եվ գույքահարկի ինստիտուտի մեջ մեր կատարած փոփոխությունը բերելու է նաև կրթական ասպարեզում հեղափոխական փոփոխությունների, և այդ պրոցեսն սկսված է, որին կանդրադառնամ ավելի ուշ:

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձախողել է արդարադատության և արդարության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները: Երբեմն մենք ինքներս էլ սրտնեղում ենք, տրվում ենք այս տրամաբանությանը, դժգոհում ենք արդարադատության ոլորտում մեր իրականացրած բարեփոխումներից: Բայց եկեք, ի վերջո, հասկանանք. այդ բարեփոխումները՝ արդարություն և արդարադատություն, ո՞ւմ համար են։ Դրանք քաղաքական էլիտաների՞ համար են, թե՞ Հայաստանի Հանրապետության շարքային, կներեք այդ բառի համար, քաղաքացիների համար: Երբ այս տեսանկյունից ենք նայում, տեսնում ենք, որ, այո, մենք արդարադատության ոլորտում էլ ենք իրականացրել հեղափոխական փոփոխություններ:
Նախկինում այս ամբիոնից հրապարակել եմ, հիմա էլ չեմ զլանա բարձրաձայնել այդ մասին: Այսօր Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում կալանավորված և դատապարտված անձանց պատմական նվազագույն թիվն է: Սա ինչի՞ արդյունք է։ Սա արդարադատության ոլորտում մեր իրականացրած բարեփոխումների արդյունք է։ Որովհետև այսօր դատարաններն այլևս նախաքննության մարմինների կցորդը չեն: Դրանք մարդկային ճակատագրեր են, հազարավոր հայրեր, որ այսօր իրենց երեխաների կողքին են: Սա՞ է կարևոր, թե՞ կարևոր է այն, թե ինչ են մտածում քաղաքական էլիտան, իշխանությունը և ընդդիմությունը դատաիրավական համակարգի մասին:

Եվ կարծում եմ, որ, այո, մենք այսօր հասել ենք ամենակարևոր փոփոխությանը արդարադատության ոլորտում, որը, այո, հեղափոխական փոփոխություն է: Մենք վստահ կարող ենք ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա: Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտի մեծագույն պրոբլեմը միշտ եղել է այն, որ եղել է հանրային համոզմունք և իրականություն, որ բազմաթիվ, տասնյակ, հարյուրավոր մարդիկ, որոնք չպետք է լինեին քրեակատարողական հիմնարկներում, տարիներով նստել են, այդ թվում քաղաքական պատճառներով, քրեակատարողական հիմնարկներում:

Այո, մենք հեղափոխություն ենք իրականացրել նաև արդարադատության ոլորտում: Հիմա բոլորը մոռացել են, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ժամանակ կար, երբ քրեակատարողական հիմնարկում մարդիկ հերթով էին քնում: Եվ մամուլը դեռ այն ժամանակ, առաջ սոցիալական ցանցերը դեռ չկային, ողողված էր այս ինֆորմացիայով: Այսօր չկա այդ պրոբլեմը:

Եվ ամենամեծ հեղափոխական փոփոխությունը. Երրորդ Հանրապետության պատմության ողջ ընթացքում դատական համակարգը, կներեք արտահայտությանս համար, նեղել է ընդդիմությանը: Այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը։ Բա էլ հեղափոխություն ինչպե՞ս եք ուզում։ Իսկ ի՞նչ՝ ուզում էիք մենք գայինք, հեղափոխություն անեինք, որից հետո դատական համակարգը շարունակեր նեղել ընդդիմությա՞նը: Եթե իշխանությունը երջանիկ լիներ դատական համակարգի որոշումներից, մենք կհամարեի՞նք, որ բարեփոխումներ ենք արել: Ոչ։ Դա կնշանակեր, որ մենք եկել ենք այն հին ընդդիմությանը, անմեղին, տնանկին նեղող դատական համակարգը հեծնել ենք, և մենք ենք հիմա ղեկավարում այդ դատական համակարգը:

Հենց դա է անկախ դատական համակարգը, որ կարող է նեղել իշխանությանը: Իհարկե, ես սա չեմ ասում, որ մեր դատական համակարգը ոգևորվի և ավելի մեծ տեմպերով նեղի: Այս բալանսն է անկախ դատական համակարգի վկայությունը: Այս ամեն ինչը վերլուծելով, նաև մեր գործընկերների հետ ենք քննարկել, ես, այնուամենայնիվ, եկել եմ եզրակացության, որ այստեղ էլ ենք շատ մոտ մեր նպատակի իրագործմանը, և մենք այստեղ հսկայական փոփոխություններ ենք իրականացրել:

Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կալանավորված և դատապարտված անձն ուտում է պետության տված հացը: Նախկինում երբեք այսպիսի բան Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չի եղել, որովհետև քրեակատարողական հիմնարկում պետության տված հաց ուտելը նշանակել է ինչ-որ անարժանապատիվ բան, որովհետև այդ տված հացն արժանապատիվ չի եղել: Իսկ հեղափոխությունն ինչպե՞ս է լինում, հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում։ Արդարադատության ոլորտում սա փոփոխությո՞ւն է, թե՞ փոփոխություն չէ: Այո, այսօր կալանավորված և դատապարտված անձն ուտում է պետության տված հացը: Սա նշանակում է, որ մարդու քրեակատարողական հիմնարկում լինելու բերումով, նրանց ընտանիքների, նրանց, ովքեր ծանր սոցիալական դրության մեջ են, սոցիալական դրությունն ավելի չի ծանրանում, համենայնդեպս այս հանգամանքի բերումով:

Հիմա արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումը մարդո՞ւ համար է, թե՞ մարդու համար չէ: Մենք, այո, արել ենք այնպիսի փոփոխություն, որ լինի ոչ թե իշխանության, կառավարության, այլ մարդու համար: Կրկին ուզում եմ ասել, որ այսպես կարող էր վարվել քրիստոնյա կառավարությունը, քրիստոնեական արժեքների վրա հիմնված կառավարությունը։ Ես երեկ հիշեցի Գեղարքունիքի մարզում, այսօր էլ եմ ուզում հիշել Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխի հայտնի առակը։ Մեջբերում եմ. «Որովհետև սովեցի, և դուք ինձ սնունդ տվեցիք, ծարավեցի և խմեցրիք ինձ, բանտի մեջ էի, և ինձ մոտ եկաք»:

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ որպես քրիստոնեական արժեքների վրա հիմնված կառավարություն, ամեն օր այցելում է իր բանտարկյալին: Երբ նրանք սոված են, նրանց հաց է տալիս, երբ նրանք ծարավ են, նրանց ջուր է տալիս, և քրիստոնեությունը ու քրիստոնեական արժեքները ճոռոմաբանությունը չեն, փող հավաքելը և վերաբաշխելը չեն։ Քրիստոնեությունը և քրիստոնեական արժեքը վերաբերմունքն է մարդու նկատմամբ: Եվ Հայաստանի Հանրապետությունում, այո, մարդու նկատմամբ վերաբերմունքը փոխվել է:

Մարդու նկատմամբ վերաբերմունքի փոփոխության ամենավառ օրինակներից մեկը -ես դրա մասին էլի եմ ասել – Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում կան Խնձորուտ և Նոր Ազնաբերդ բնակավայրեր: Այս երկու համայնքներում իրար հետ ապրում է 650 մարդ: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2 մլն 300 հազար դոլար է ծախսել, որպեսզի այդ գյուղեր տանող 14 կմ-ոց ճանապարհը կապիտալ վերանորոգի: Ես եղել եմ, Խնձորուտ գյուղի մինչև ամենավերջին տան դարպասի առաջ ամենաբարձր որակի ասֆալտ է արված: Սա վերաբերմունք է մարդու նկատմամբ, որովհետև ամեն մարդու հաշվով միայն այդ նախագծով 3700 դոլար ենք ծախսել: Խնձորուտ համայնքն իր հիմնադրման օրվանից երբեք 2 մլն դոլարի ներդրում չի տեսել։ Երբեք։ 80 թվականից այս կողմ Խնձորուտ համայնքում ճանապարհ չի կառուցվել: Եվ այսպես, այո, կարող էր վարվել քրիստոնեական արժեքների վրա հիմնված կառավարությունը և իշխանությունը, որովհետև մենք չենք հաշվել, որ այս գյուղում 2 մլն դոլար ծախսում ենք, բա այստեղ քանի՞ ձայն կա, լավ, ընդամենը 400 ձայն, այդ 2 մլն դոլարը կարելի է լրիվ ուրիշ տեղ ուրիշ բան անել՝ ենթադրենք, ձայն հավաքելու համար:

Այո, մենք ճանապարհներ ենք կառուցել ոչ թե ձայն հավաքելու, այլ մարդկանց ծառայելու համար: Մենք 3 տարվա ընթացքում կառուցել ենք այնքան ճանապարհ, ինչքան նախորդ 7 տարիների ընթացքում չի կառուցվել։ Բայց շատ ավելի կարևոր է, որ մեր իշխանությունից որևէ մեկն այդ ճանապարհների կառուցման արդյունքում միլիոնատեր չի դարձել: Այո, մենք ճանապարհներ կառուցեցինք, և մենք միլիոնատեր չդարձանք։ Որովհետև մենք ճանապարհներ կառուցում ենք ոչ թե ասֆալտ գողանալու, մենք ճանապարհներ կառուցում ենք մարդկանց ծառայելու համար:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում տասնյակ գյուղեր կան, որ 80-ականներից այս կողմ անցանելի ճանապարհներ չեն ունեցել՝ 400 բնակիչով, 500 բնակիչով, 700 բնակիչով, Խորհրդային Միության ժամանակներից մանկապարտեզ չեն ունեցել: 200 մանկապարտեզ ենք այս ընթացքում կամ կառուցել, կամ վերակառուցել, կամ հիմնանորոգել: Եվ մենք երբեք չենք մտածել, թե այս մի բանի համար ինչքան ձայն ենք մենք ստանալու։ Որովհետև մենք դա արել ենք մարդու համար։ Որովհետև մեր գործողությունները հիմնված են եղել արժեքների վրա:

Շատ կարևոր են այն ինստիտուցիոնալ փոփոխությունները, որ արել ենք ժողովրդագրության բնագավառում և դեռ պիտի անենք: Գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի նպաստը, աշխատող ծնողների համար, կրկնապատկել ենք և գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի նպաստ ենք նշանակել նաև չաշխատող մայրերի համար։ Ու մենք չենք հաշվել քանի ձայն ենք ստանալու սրա արդյունքում, որովհետև մենք ձայնի համար չենք արել, մարդու համար ենք արել: Առաջին երեխայի նպաստը 6 անգամ ավելացրել ենք, երկրորդ երեխայի ծննդյան օգնությունը կրկնակի ավելացրել ենք։ Հիմնադրել ենք երեխա ունեցող ընտանիքներին հիպոթեկով բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագիր: Այս գործընթացներն, իհարկե, պետք է շարունակվեն:

Մենք գյուղատնտեսության ոլորտում շրջադարձային նշանակության բովանդակային փոփոխություններ ենք իրականացրել։ Երբ մեր երազանքների գագաթնակետն այն էր, որ կառավարությունը, կներեք, դիզվառելիք է բաժանում, որը մինչև կառավարությունից գնում-հասնում է գյուղացուն, էլի եկեք բացենք նախորդ տասնամյակի մամուլը: Հարյուրավոր հրապարակումներ կտեսնեք, թե ինչպես կառավարությունը չգիտեմ քանի միլիարդ ծախսեց գյուղացիներին դիզվառելիք տալու համար, բայց այդ դիզվառելիքը չհասավ գյուղացուն:

Մենք լրիվ ուրիշ փիլիսոփայություն ենք մտցրել, ասել ենք՝ հարգելի գյուղացիներ, մենք ուզում ենք ձեզ աջակցել, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ թե տառապանք, չարչարանք լինի, այլ լինի արժանապատիվ և զարգացում բերող աշխատանք: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք գյուղացուն ասել ենք՝ զարգացման ծրագրերով «խելացի» անասնագոմեր կառուցեք, և մենք ձեր ծախսած գումարի 50 տոկոսը ձեզ հետ կտանք, կաթիլային ոռոգում անցկացրեք, տոկոսը հետ կտանք՝ ծախսած գումարի տոկոսները տարբեր են, ըստ ծրագրերի։

25-ից մինչև 70 տոկոս՝ սահմանամերձ գյուղերում զարգացման ծրագիր ենք ներդնում գյուղացու համար, և երբ գյուղացին մտնում է այդ զարգացման տրամաբանության մեջ, մենք իր ծախսած գումարի մինչև 70 տոկոսը վերադարձնում ենք: Այս ծրագիրը, փառք Աստծո, շատ դժվարությամբ – գիտեք այս կարգի փոփոխությունները ինչ դժվար են առաջ գնում – բայց վերջապես սկսել է տեղից պոկվել, և այս պահի դրությամբ քիչ է, բայց եթե հաշվենք զրոյական կետից՝ հսկայական: 580 մլն դրամից ավելի՝ այս պահի դրությամբ գյուղացիներին իրենց ծախսած գումարը վերադարձրել ենք: Սա բացարձակ առումով քիչ է, բայց ստարտի առումով բավական լավ մեկնարկային կետ է:

Այո, կառավարությունը մարդու նկատմամբ վերաբերմունքը փոխել է՝ իր վերաբերմունքը, կառավարության վերաբերմունքը: Մենք ներդրել ենք և մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային ծառայություններն ամբողջովին իրականացնում ենք պետական պատվերի հաշվին: Այստեղ, իմիջիայլոց, ասեմ, միայն սենտիմենտի հարց չի, որովհետև մենք տեսնում ենք, որ մեր 18 տարեկան երեխաների 50 և ավելի տոկոսն առողջական լրջագույն խնդիրներ ունի։ Շատ չեմ կարող մանրամասնել, և մենք հասկացել ենք, որ այս խնդիրը պետք է լուծել: Ընդ որում, սա կապված է նաև կրթության, ֆիզկուլտուրայի և սպորտի հետ: Մենք միայն 2018-2020 թվականներին՝ երկու տարվա ընթացքում, հանրակրթության դպրոցների և մարզադպրոցների մարզագույքի ձեռքբերման նպատակով 523 մլն դրամի հատկացում ենք արել՝ այն պայմաններում, երբ 2012-2018 թվականներին այդ նպատակների համար ընդամենը 420 մլն դրամ է ծախսվել: Այո, և սա փոփոխություն է մարդու նկատմամբ:

Մենք ժամկետային զինծառայողների ծնողներին ներգրավել ենք պետական պատվերով բժշկական ծառայությունների իրականացման ծրագրի մեջ: Այո, սա մարդու նկատմամբ և զինվորի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է: Բանակի փոփոխությունների մասին շատ ենք խոսել, ես այսօր այդ թեմայով չեմ խոսի:

2003 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունեցել է պարտավորություն, որ մանկատան սաների համար պետք է բնակարան ձեռք բերի: 2003 թվականից մինչև 2019 թվականը այդ պարտավորությունը կատարված չեն եղել, որովհետև մանկատան սաները ո՜չ ընտրությունների ցուցակ են կազմում, ո՜չ էլ իրենց ձայները առանձնապես մեծ են։ Մենք այդ պարտավորություններն ստանձնել ենք և կատարել ենք։

Ադրբեջանից փախստականի կարգավիճակ ստացած մեր քաղաքացիների բնակարանային խնդիրները տասնամյակներով չեն լուծվել։ Մենք ստանձնել ենք դա և իրականացրել ենք։

Զինթոշակառուներին բնակարանով ապահովելու խնդիրը -խոսքը նրանց մասին է, ում նկատմամբ պետության պարտավորություններն արձանագրված են եղել – չի լուծվել տասնամյակով։ Կառավարությունը 8 մլրդ դրամ է հատկացրել՝ այս ծրագիրն իրականացնելու համար։

Չեմ վախենա ասել, որ այս ամենի արդյունքում մենք հեղափոխական նշանակության փոփոխություններ ենք մեկնարկել կրթության բնագավառում։ Այն, որ հիմա արդեն սկսել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման ծրագիրը, անխուսափելիորեն բերելու է նրան, որ ուսուցչի աշխատանքը լինի հեղինակավոր ոչ միայն վերնագրային կամ կենացի մակարդակում, այլև աշխատանքի պայմանների և աշխատավարձի իմաստով։ Եվ սա մեզ հնարավորություն է տալու, որ մենք համոզվենք, որ 2, 3, 4 տարի հետո դասասենյակ մտնող յուրաքանչյուր ուսուցիչ համապատասխանում է այն չափանիշներին, որ մենք համոզված լինենք, որ մեր երեխաներն ստանում են պատշաճ կրթություն։

Ես գույքահարկի մասին ասեցի։ Մենք այսօր արդեն, գույքահարկի փոփոխություններից հետո, հանրապետության մարզերում մանկապարտեզների և նախակրթարանների զանգվածային կառուցման ծրագիր ենք իրականացնում։ Հարց կծագի՝ ի՞նչ կապ ունի դա գույքահարկի հետ։ Մեր պայմանը հետևյալն է. մենք համայնքներին ասում ենք՝ հարգելիներս, մենք նախակրթարան-մանկապարտեզը կառուցում ենք պայմանով, որ դուք հետագա ֆինանսավորումը, այսինքն՝ դաստիարակ-ուսուցիչների աշխատավարձերը, սպասարկման, կոմունալ ծախսերը, ամբողջությամբ հոգալու եք։ Նախկինում համայնքներն ասում էին, որ մենք գործիք չունենք, հնարավորություն չունենք։ Դրա համար մենք ներդրեցինք գույքահարկի նոր համակարգը և ասեցինք՝ սա էլ ձեզ գործիք և հնարավորություն։

Ինչի՞ համար ենք այս ամեն ինչն արել։ Որովհետև 2018 թվականի նախընտրական ծրագրում «Իմ Քայլը» դաշինքն ասել է, որ նախադպրոցական տարիքի երեխաների 75 տոկոսի համար մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ նրանք մանկապարտեզ և նախակրթարան հաճախեն։ Գույքահարկի համակարգի մասին փոփոխությունը, որն այդքան քննադատվեց, այդ թվում այս ծրագիրն իրագործելու համար է արվում, և դա անպայման պետք է իրագործվի։

Շատ կարևոր է արձանագրել, որ մենք ուրիշ բովանդակային փոփոխություն ենք բերում նաև այստեղ։ Դրա առանցքը հետևյալն է, որ մանկապարտեզը տեղ չէ, որտեղ ծնողը երեխային ուղղակի թողնում է իքս ժամից մինչև իգրեկ ժամը։ Մանկապարտեզը տեղ է, որտեղ երեխան ստանում է կրթություն։ Երեխայի կրթությունը պետք է սկսվի մանկապարտեզից, և սա է հիմնական գործիքը, որով մենք պետք է երկարաժամկետ առումով հաղթահարենք աղքատությունը։

Մենք շրջադարձային փոփոխություն ենք անում նախակրթական համակարգում։ Մենք շրջադարձային փոփոխություն ենք անում հանրակրթության համակարգում։ Մենք շրջադարձային փոփոխություն ենք անում բարձրագույն կրթության և գիտության ոլորտում՝ վերջերս ընդունված և Սահմանադրական դատարան ճանապարհված օրենքի բերումով։ Մենք շրջադարձային փոփոխություն ենք անում գիտության ոլորտում։ Անընդհատ խոսք է գնում գիտության ֆինանսավորման ավելացման մասին։ Մեր կառավարության դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը. այո, միայն մեկ խնդրանք՝ ասեք, թե այդ փողն ինչպես է ծախսվելու և ինչպես է դառնալու գիտական արդյունք։ Եվ շատ ուրախ եմ, որ այդ սկզբունքով այս տարի 2,7 մլրդ դրամով ավելացրեցինք գիտության ֆինանսավորումը, և ըստ էության, գործարկել ենք մի մեխանիզմ, որ մինչև 2025 թվականը գիտաշխատողների, աշխատավարձերի, եկամուտների և գիտական գործունեության բոլորովին նոր սկզբունքներ կներդրվեն։

Կառավարման որակի մասին՝

Մեզ սպասվում է առաջիկայում թերևս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում։ Այսինքն՝ կառավարման ոլորտները տապալած կառավարության այս ցուցանիշի մասով ասում են՝ անձրև շատ է եկել, ձյուն շատ է եկել, դրա համար էլ Սևանի մակարդակն այդքան բարձր է լինելու։ Փաստորեն վերջին 60 տարվա ընթացքում Հայաստանում ո՜չ ձյուն էր եկել, ո՜չ էլ անձրև էր եկել, անձրև և ձյուն Հայաստանի Հանրապետությունում, տիկնայք և պարոնայք, տեղացել է միայն 2020-2021 թվականներին, կամ էլ Եղիա մարգարեի ժամանակների երաշտից է եղել, այն ժամանակ 30 տարի էր, այս անգամ փաստորեն 60 տարի է եղել։

Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է։ Ընդ որում, ուզում եմ ձեզ հետևյալն ասել, որ վերջին տարիներին, օրինակ՝ 2020 թվականին 22,8 մլն խորանարդ մետր ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հեկտար հող ավելի շատ է ոռոգվել։ Որովհետև Սևանից ջուր բաց թողնելու վրա մեզանից ոչ ոք միլիոնատեր չի դարձել. եթե դուք էներգետիկ համակարգի իրազեկ ներկայացուցիչների հետ խոսեք, նրանք կասեն, որ կա օդում պտտվող այսպիսի խոսակցություն, որ Սևանա լճի 1 սմ ջուրը 1 մլն դոլար է, որովհետև երբ դա բաց է թողնվում համակարգ և դառնում է էլեկտրական էներգիա, այդքանով մնացած գործողությունները տեղի են ունենում։

Քանի որ էլեկտրաէներգիայի մասին խոսացինք, 2018 թվականից ի վեր ջրային համակարգում 30 մլն կՎտ/ժամ էներգիա է խնայվել։ Իսկ ոռոգման ջրի համակարգում կորուստների մակարդակն իջել է 5 տոկոսով: 3 տարվա ընթացքում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է դա, ինչ ծավալ է: Եվ դրա արդյունքում, այո, մենք այս տարի ունենալու ենք վերջին 60 տարվա համար Սևանի ամենաբարձր մակարդակը:

Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Սևանի ավազանի ձկնորսները դա անում են կառավարության հետ համագործակցությամբ և ոչ թե հակադրության միջոցով: Իհարկե, որևէ մեկը չի կարող ասել, որ այս համակարգը կատարյալ է: Երեկ մենք Նորատուսի բնակիչների հետ էլ կարճ հանդիպում ունեցանք, այսինքն՝ տպավորություն չստացվի, թե կառավարությունը կամ վարչապետն ամբողջ ինֆորմացիային չի տիրապետում: Ոչ, խոսքն ամենևին դրա մասին չէ։ Բայց մեխանիզմն սկսել է աշխատել, և առաջին անգամ ձկնորսը պետական բյուջե գումար է վճարում՝ ձուկ որսալու համար: Այդ գումարների համամասնությունը՝ 100 կգ ձկան համար վճարում են, 300 կգ են որսում, ոչինչ, համակարգն է սկսել աշխատել: Եվ ես համոզված եմ, որ Սևանի ավազանի ափի մեր ժողովուրդը, ովքեր ձկնորսությամբ զբաղվում են, իրենք կհամոզվեն, որ այս համակարգն առաջին հերթին իրենց է օգուտ:

Այսօր Սևանում գիտեք ի՞նչ խնդիրներ կան՝ հազարավոր ցանցեր կան, որոնք չեն օգտագործվում և Սևանում ուղղակի անտեր վիճակում են, և հսկայական ձկնապաշարներ են ոչնչացվում այդ լքված ցանցերի պատճառով: Հաջորդ փուլում մենք այս գեներացված գումարներն օգտագործելու ենք, որպեսզի Սևանը մաքրենք այդպիսի թափոններից։ Որի արդյունքում ո՞վ է շահելու՝ կրկին Սևանի ավազանի մեր ձկնորսներն են շահելու, որովհետև հիմա ձուկն այդ ցանցերի մեջ ընկնում է, բայց իրեն դուրս չեն բերում, սատկում է և նեխում է՝ իր հերթին վատացնելով Սևանի էկոլոգիական վիճակը:

Մենք անընդհատ ասում ենք, որ Սևանի կանաչելու մեջ, իհարկե, այդ գործոնները կան՝ ջերմաստիճանի բարձրացում, կողակի շատ նվազ պոպուլացիա, բայց այս նեխման պրոցեսը ևս, որովհետև ինչքան ձուկ դուրս է բերվում, այնքան ամեն տարի նեխում է Սևանա լճում՝ վատթարացնելով Սևանա լճի վիճակը: Մենք հիմա ձկնորսների հետ ոչ թե հակադրության մեջ ենք, այլ համագործակցության և այս համագործակցությունը պետք է տանենք մինչև վերջ։ Որովհետև մարդիկ, փառք Աստծո, տեսնում են, որ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք իրենց ճանապարհը չեն փակում, որ իրենց մարդկանց մտցնեն այնտեղ, որ որսագողություն անեն: Իրենք ռեալ տեսնում են, որ այդ ամեն ինչն արվում է ազնիվ և արդար նպատակներով, և այդ մարդիկ, իհարկե, իրենց թշնամին չեն: Իհարկե, բարդ է, մի քիչ ավելի դժվար է, բայց արդեն սկսված է այդ պրոցեսը, և այն անշրջելի է: Եվ ես ուզում եմ Սևանի ավազանի մեր ձկնորսներին շնորհակալություն հայտնել, որ իրենք այս ըմբռնման մեջ են: Գիտեմ որ այնտեղ ամեն ինչ կատարյալ չէ ո՛չ մեր կողմից, ո՛չ իրենց կողմից, բայց կապ չունի ՝ պրոցեսն սկսած է և պետք է գնա:

Բնապահպանության ոլորտում մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն անտառահատման ծավալների նվազումն է, որն ունեցել ենք: Իսկ մենք ինչքա՞ն ենք ունեցել: Դրա մասին վկայում են վիճակագրական տվյալները: Օրինակ, 2017 թվականի համեմատությամբ՝ Հայաստանի Հանրապետություն փայտածուխի ներկրումն աճել է 500 և ավելի տոկոսով: Սա նշանակում է, որ 500 տոկոսով պակաս փայտածուխ է Հայաստանի Հանրապետությունում արտադրվել: Սա նշանակում է, որ 500 տոկոսով ավելի քիչ ծառ է կտրվել, որն արդյունքում դառնում է փայտածուխ: 128 տոկոսով աճել է շինափայտի ներկրումը, որը նույնպես նույն բանի մասին է վկայում:

Ընդ որում, ուզում եմ ընդգծել տնտեսական ցուցանիշը՝ ներկրող ընկերությունների թիվը տեղ-տեղ եռապատկվել է: Եռապատկվել է այն ընկերությունների թիվը, որոնք այս գործունեությամբ զբաղվում են: Նախկինում այստեղ էլ ունեինք որոշակի քվոտաներ, մենաշնորհներ, մենաշնորհային երևույթներ: Սա է կարևոր ցուցանիշը, սա է ապացուցելի ցուցանիշը։ Մնացածը վերնագրեր են, որոնք ինչպես համոզվել ենք, ցավոք, միշտ չեն արտացոլում իրականությունը:

Ես ուզում եմ խոսել նաև վերջին շրջանում բազմաթիվ շահարկումների տեղ տված մի թեմայի մասին: Ձեզ հայտնի շրջանակները փորձում են մեզ ներկայացնել որպես – չեմ էլ ուզում այդ բառն օգտագործել, բայց օգտագործեմ, որ պարզ լինի ինչի մասին է խոսքը – թրքասեր, թրքամետ և այլն: Եվ այս համատեքստում կասկածի տակ է դրվում – տեսեք ուր է հասել – ընդհանրապես խորհրդարանական մեծամասնության և կառավարության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ:

Իսկ ի՞նչ փաստեր կան, որ վկայում են սրա մասին: 2018-2021 թվականների ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել։ 2008-2018 թվականների ընթացքում, ընդ որում, այդ 10 տարվա մեջ Ցեղասպանության 100-րդ տարելիցը նույնպես կա, 20 այդպիսի բանաձև է ընդունել: Այսինքն՝ 3 տարվա ընթացքում այս առումով արվել է նախորդ 10 տարվա ժամանակաշրջանում արվածի 45-50 տոկոսի չափով աշխատանք:

Եվ, իմիջիայլոց, տեղի է ունեցել թերևս Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում գլխավոր և շրջադարձային իրադարձություններից մեկը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Վերին և Ստորին պալատներն ընդունել են Հայոց ցեղասպանությունը։ Ի վերջո, Հայոց ցեղասպանությունն ընդունվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողմից: Նախկինում այս ամբիոնից առիթ ունեցել եմ ասել, թե որոնք են այն գործոնները, որոնք բերել են այսպիսի իրավիճակի:

Բայց ես ուզում եմ նաև հետևյալը ասել՝ եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունն ուզենար, որ չընդունվի կամ չուզենար, որ ընդունվի այս բանաձևը, դա միանշանակ տեղի կունենար։ Ինչպես և տեղի է ունեցել՝ բացեք հիմա համացանցի արտահոսած տեղեկատվությունը, թե հիմա մեզ թրքասիրության մեջ մեղադրողները ինչպես էին ժամանակին Ամերիկայի իշխանություններին համոզում, ասում էին՝ մի ընդունեք Ցեղասպանությունը։ Հիմա իրենք եկել են, մեզ մեղադրում են թրքասեր լինելու մեջ:

Մեկ էլ այդ թեման, այդ ի՞նչ թեմա էր՝ թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ թուրքը մեր թշնամին չէ: Այո, դա որևէ մեկի հայտարարությամբ չի որոշվում։ Դա պատմական իրողություն է: Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք ՝այդ թշնամանքը պետք է կառավարվի: Եվ մենք, այո, գնալու ենք հստակ այդ ճանապարհով: Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամանքն անընդհատ անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի: Այո, թշնամանքը պետք է կառավարվի: Եվ ես ուրախ եմ, որ այս թեման էլ վերնագրերի մակարդակում չէ: Ես երեկ Գեղարքունիքի մարզի գյուղերում այս թեմաներով խոսել եմ և ստացել եմ մարդկանց արձագանքը: Եվ ավելի վստահ եմ ասում, որ, այո, այդ թշնամանքը պետք է կառավարվի:

Այդքան քննադատված թավիշի մասին՝

Մեկ խոստում կա, որ մենք տվել ենք ու չենք կարողացել, ասել ենք՝ վերջ թավիշին, հետո պարզվել է, որ մենք ինստիտուցիոնալ այնպիսի պայմաններ ենք ստեղծել, որ մենք այլևս դա չենք որոշում։ Ու դա լավ է: Ես խոսեցի արդեն դատական համակարգի վերաբերյալ: Չնայած սա թեմա է, որը բազմաթիվ շերտեր ունի։ Բայց ես ձեզ ուրիշ բան եմ ասում՝ 2020-2021 թվականների հետպատերազմյան շրջանում այդ թավիշը մեզ փրկել է քաղաքացիական պատերազմից: Սա իրողություն է։ Այդ որ մեզ մեղադրում են, ասում են՝ կառավարման ձախողում, կներեք, դուք ուզում եք ասել, որ փաստ էր, որ 2021 թվականի հետպատերազմյան ճգնաժամը կառավարվելու էր այսպե՞ս: Տեսեք՝ այսօր ինչ մթնոլորտում է հանրապետությունում, ինչ իրավիճակ է հանրապետությունում: Այո, մենք թուք ու մուր էլ ենք կերել, հայհոյանք էլ ենք կերել, ամեն ինչ, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք, և դա հետպատերազմյան ճգնաժամի կառավարման շատ էական օրինակ է:

Ես էլի եմ ասում, շատ բաներ կան, որ մենք ընդունում ենք այդպես սովորական: Հասկանո՞ւմ եք՝ այդ աղետից հետո Հայաստանի Հանրապետությունում մեկ կրակոց չի հնչել։ Մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչի մասին է խոսքը: Եվ սա կարո՞ղ էր տեղի ունենալ բոլոր ասպարեզներում կառավարումը ձախողած իշխանությունների պայմաններում: Մեկ տարի է՝ Հայաստանում գուժում են՝ սով, ֆինանսատնտեսական համակարգի կոլապս, տնտեսական փլուզում, ոչ ոք հարց չի տալիս՝ իսկ այդ կառավարումը բոլոր ասպարեզներում ձախողած կառավարությունը մակրոտնտեսական կայունությունն այդ պայմաններում ինչպե՞ս կարողացավ պահել: Այսինքն՝ սա հենց այդպես էլ պետք է տեղի ունենա՞ր: Եկեք տեսնենք՝ մեր մակրոտնտեսական կայունության հետ նախկինում, հենց մեր պատմությունից, ինչեր են տեղի ունեցել բոլորովին ուրիշ պայմաններում:

Կորոնավիրուսի մասին՝

Մեզ, կներեք արտահայտությանս, մորթում էին քոռ դանակով, մեր աչքն էին մտցնում կոնկրետ օրինակներ։ Այսօր չեն ուզում տեսնել այդ օրինակները: Դե այն համեմատությունները, որ անում էիք 2020 թվականի մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, եկեք այսօր անենք, ինչի՞ չեք անում այդ համեմատությունները: Բացեք ասեք՝ տեսեք, թե ինչպես են կառավարում այս, այս երկրներում կորոնավիրուսը, այ բոլոր ասպարեզներում կառավարումը ձախողած: Կորոնավիրուսի այդ քննիչ հանձնաժողովն աշխատո՞ւմ է, բացահայտե՞լ է հանցավոր կառավարության և ճգնաժամի կառավարման կոլապսը, թե հիմա էլ ասելու են՝ Ազգային ժողովը լուծարվեց, չհասցրեցինք: Ոչինչ, հաջորդ Ազգային ժողովում էլ թող այդ նույն հանձնաժողովն աշխատի:

Հետաքրքիր է՝ փաստորեն ես մեկ ժամ կարող եմ խոսել վերջին 3 տարում Հայաստանում տեղի ունեցած ինստիտուցիոնալ փոփոխություններից, և ժամանակը չհերիքի: Բայց կա այն, ինչ կա: Փորձեմ ամփոփել:

Ուզում եմ խոսել քաղաքական փոփոխությունների մասին: Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել քաղաքական բնույթի և բովանդակության լրջագույն փոփոխություններ, իհարկե, դրանց մի մասը՝ վերջերս:

Վերջերս դուք ընդունեցիք «Կուսակցությունների մասին» նոր օրենքը, որտեղ կուսակցական գործունեության իմաստով հեղափոխական նշանակության փոփոխություններ են տեղի ունեցել: Պատկերացրեք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է, որ հերթական խորհրդարանական ընտրությունների դեպքում, կուսակցության համամասնական ցուցակները ձևավորվում են համաժողովի կամ համագումարի կողմից, փակ գաղտնի քվեարկությամբ: Այսինքն՝ մենք սրանով ստեղծել ենք ինստիտուցիոնալ պայմաններ, որպեսզի կուսակցությունները լինեն կուսակցություն և ոչ թե սեփականություն: Այո, սա շրջադարձային նշանակության ինստիտուցիոնալ փոփոխություն է:

Մենք այլ կարգի քաղաքական, ինստիտուցիոնալ լրջագույն փոփոխություն ենք իրականացրել, երբ համայնքների ղեկավարների ու ավագանու ընտրությունները պետք է իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով: Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներով ընդդիմությունը երազել է այսպիսի փոփոխությունների մասին, բայց այդպիսի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Բայց այսօր դա փաստ է, դա իրողություն է: Բնականաբար, այս թեմայի մասին ոչ ոք չի խոսի, որովհետև այն, ինչ արդեն ունենք, համարվում է, որ այդպես էլ պետք է լիներ:
Եվ էլի շատ կարևոր փոփոխություն, և ես ուրախ եմ, որ մենք այդ քաղաքական կամքը դրսևորել ենք՝ ի վերջո, առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու լիարժեք համամասնական ընտրակարգով: Այո, դա հեշտ փոփոխություն չէր, որովհետև դրա համար, մանավանդ այս ժամանակաշրջանում, անհրաժեշտ էր քաղաքական կամք, պատասխանատվություն: Ուրախ եմ, որ մենք այդ քաղաքական փոփոխություններն իրականացնելու կամք դրսևորել ենք:

Բայց ես ուզում եմ խոսել թերևս ամենակարևոր քաղաքական փոփոխության մասին: Այս վերջերս, երբ, բնականաբար, առաջիկայում, խորհրդարանական ընտրություններ են, և հիմա շատ են տեղի ունենում հարցումներ քաղաքացիների շրջանում՝ երբ նրանց հարցնում են, թե ում կընտրեք, որ քաղաքական ուժին կընտրեք, բնականաբար, այդ պատասխաններում հնչում են ամենատարբեր պատասխաններ: Բայց