Karevorinfo  Իրադարձություններ  191

2020-ը՝ մշակութային «stop»-երի, վանդալիզմի և մեծ կորուստների տարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:10 հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
2020-ը՝ մշակութային «stop»-երի, վանդալիզմի և մեծ կորուստների տարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մի կողմից կորոնավիրուսը, մյուս կողմից՝ պատերազմը 2020-ին մեծապես իրենց հետքը թողեցին հայաստանյան մշակութային կյանքի վրա: Հետաքրքրական է, որ  տարին սկսվեց հայ-ադրբեջանական կոնֆլիկտով, բայց այս դեպքում՝ մշակութային հողի վրա:

Հունվարին լուրեր տարածվեցին այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, քաղաքական նկատառումներից ելնելով, հրաժարվել է Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը ելույթ ունենալ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ, և երգչուհու ելույթը չեղարկվել է: Աջակցության ակցիաներից հետո հայտնի դարձավ, որ հայ երգչուհին կրկին հրավեր է ստացել երգելու համերգին և տվել է իր համաձայնությունը:

Արվեստասեր հասարակության համար մեծ անակնկալ էր Երևանում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի կազմակերպումը: Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվեց Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն: Կորոնավիրուսի պատճառով ցուցահանդեսը երկարաձգվեց մինչև օգոստոսի վերջ:

Վերջին 64 տարիների ընթացքում առաջին անգամ այս տարի պաշտոնապես չեղարկվեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը: Չեղարկումն անխուսափելի էր համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը, սակայն նրա «Chains on You» երգը այդպես էլ չհնչեց եվրատեսիլյան բեմից:

Համավարակն իր հետ բերեց նոր իրողություններ, և մշակութային օջախները սկսեցին աստիճանաբար հարմարվել դրանց: Երկրում հայտարարված արտակարգ դրության ֆոնին մի շարք հաստատություններ, այդ թվում՝ թատրոններ, թանգարաններ, հանդիսատեսի հոգևոր քաղցը հագեցրին առցանց  տարբերակով: Ցուցադրվեցին առցանց ներկայացումներ թատրոնների ֆեյսբուքյան էջերում, իրականացվեց, օրինակ, «Տնից թանգարան և գրադարան» վիրտուալ ծրագիրը, կազմակերպվեցին բացօթյա ներկայացումներ և համերգներ:

Հայկական էստրադայի հայտնի երգիչներ, թատրոնի և կինոյի մի խումբ դերասաններ, մոդելավորողներ միավորվեցին մեկ գաղափարի շուրջ՝ հումորային երգով հորդորելով հասարակությանը մնալ տանը և կանխել կորոնավիրուսի տարածումը:

Ավելի ուշ մեծ աղմուկ բարձրացավ քաղաքաշինական հարցի շուրջ։ Երևանի ամենահայտնի և հին թաղամասերից մեկի՝ Ֆիրդուսի հետ կապված: Բանն այն է, որ թաղամասի հին շինությունները, որոնք քաղաքային կոլորիտի մաս կազմող եզակի կառույցներ էին, աստիճանաբար քանդվեցին: Քաղաքացիական ակտիվիստներին հաջողվեց կասեցնել 19-րդ դարի վերջին կառուցված շենքերից մեկի քանդման աշխատանքները. կանգուն մնաց աղյուսե ֆասադը: ԿԳՄՍ նախարարությունը հայտնվեց քննադատությունների թիրախում այն բանի համար, որ ոչ մի կերպ չկասեցրեց շենքերի քանդումը: Նախարարությունից էլ պարզաբանեցին, որ այդ հարցն իրենց իրավասության ներքո չէ: Ավելի ուշ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում մի շարք դրական փոփոխություններ են կատարվել կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում, որոշվել է Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել:

Ամռանը մշակութային հաստատությունները ֆլեշմոբեր անցկացրեցին՝ վստահեցնելով՝ հանրությունը հոգեկան առողջության կարիք ունի: Օրինակ՝ թատրոնի ներկայացուցիչները խոստացան, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, մեկնարկել ներկայացումների փորձերը: Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց արեցին ռեստորանային բիզնեսի սեփականատերերը և աշխատակիցները։ Ցույցին մասնակցում էին նաև երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, հանդիսավարներ՝ պահանջելով ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները և հանդիսության սրահները, որոնցում, արտակարգ դրությամբ պայմանավորված, հավաքույթներ անցկացնել չէր թույլատրվում։ Ավելի ուշ որոշում կայացվեց, հակահամաճարակային հատուկ կանոնները պահպանելով, վերականգնել մշակութային մի շարք օջախների գործունեությունը, իսկ ռեստորաններում ապահովել ժամանցային մթնոլորտ՝ որոշակի սահմանափակումներով:

Վերջին 17 տարվա ընթացքում առաջին անգամ հուլիսին Երևանում ոսկեծիրանյան թոհուբոհ, կարմիր գորգեր ու աստղային հյուրերի ընդունելություն չեղավ, կրկին կորոնավիրուսի պատճառով: Կինոտրամադրություն ստեղծող միջազգային  փառատոնի բուն մասը կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց. այն անցկացվեց նոյեմբերի 1-8-ին։ Իսկ հուլիսի 13-16-ն իրականացվեցին փառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը, բայց արդեն՝ առցանց ձևաչափով:

Սեպտեմբերին մեծ տարածում գտավ հայտնի էպատաժային երգչուհի Լեդի Գագայի ներկայացրած «911» երգի տեսահոլովակը՝ ոգեշնչված Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։ Տեսարաններից մեկում երևում է ֆիլմի պաստառը, իսկ այլ տեսարաններում Լեդի Գագան պատկերում է հայտնի կադրեր ֆիլմից։ Եվս մեկ տեսարանում երևում է հայատառ գրություն։ Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։

Երբ մեկնարկեց Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, հայաստանյան մշակութային օջախներն իրենց մեծ ներդրումն ունեցան սահմանին կանգնած զինվորին և արցախցի փախստականներին օգնելու հարցում: Մի շարք կառույցներում արվեստի ոլորտի մարդիկ գործում էին զինվորական քողարկող  ցանցեր, հավաքագրում մթերք, տնտեսական ապրանքներ և ուղարկում առաջնագիծ: Շատ օջախներ իրենց կազմակերպած միջոցառումներից ստացված հասույթն ուղղեցին բանակին և արցախցիներին: Մշակութային որոշ կառույցների ներկայացուցիչներ էլ կամավորագրվեցին և մեկնեցին ռազմաճակատ, ոմանք, ցավոք,  ընկան մարտում:

Պատերազմի օրերին համացանցում մեծ տարածում գտան ԱՄՆ-ում բնակվող Դիլաքյան եղբայրների ստեղծագործությունները, որոնց թեման Արցախն էր: Արվեստագետները ստեղծեցին հայ զինվորի, հայ մոր, պատերազմական օրերին Հայաստանում և աշխարհում տիրող իրավիճակի մասին պատմող պատկերներ: Ի դեպ, հետպատերազմյան շրջանում ևս նոր թեմատիկ պատկերներ են ստեղծվում:

Պատերազմի օրերին հսկայական վնաս հասցվեց Արցախի պատմամշակութային հուշարձաններին: Տիգրանակերտի հնագիտական ճամբարը ենթարկվեց  ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությանը, կրկնակի հրթիռակոծվեց Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցին։ Այդ ժամանակահատվածում առաջ եկավ Շուշիի թանգարաններում պահվող ցուցանմուշները փրկելու հարցը: Պարզվեց՝  միայն գորգերի մասնավոր թանգարանի ցուցանմուշներն են տարհանվել հոկտեմբերին: Երբ արդեն վճռվել էր պատերազմի ելքը, հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները պղծել են Ղազանչեցոց տաճարը։ Լրջորեն վնասվել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին. գրեթե ամբողջությամբ ավերվել են եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։ Արցախի հայկական մշակութային և հոգևոր կոթողները փրկելու համար Հայաստանը դիմեց միջազգային գործընկերներին: Վանդալի ձեռքը բռնելու հարցում սպասելիքներ կան հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ից:

Պատերազմի ավարտից հետո Երևանում մի խումբ արվեստագետներ բողոքի ակցիա անցկացրեցին՝ հայ գերիներին վերադարձնելու պահանջով: Նրանք դիմեցին միջազգային կառույցներին, որպեսզի վերջիններն ադրբեջանական կողմին ստիպեն ազատել հայ գերիներին, թույլ չտալ նրանց պատվազրկել Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին:

Պատերազմից հետո Հայաստանում բազմաթիվ պաշտոնանկություններ եղան: Պաշտոնից ազատվեց նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փոխարենը այդ պաշտոնում նշանակվեց Վահրամ Դումանյանը:

Իսկ արդեն տարեվերջին սկանդալային մի բացահայտում եղավ՝ կապված մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Պարզվեց՝  նա որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ծանր հետևանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն՝ հավելելով, որ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հսկայական կորուստներից, մշակութային պասիվ կյանք վարելուց հետո 2021 թվականին պետությունն ակնհայտորեն հսկայական աշխատանք ունի անելու՝  մշակույթը Հայաստանում վերակենդանացնելու և դաշտը «ռեստարտ» անելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան